Չորեքշաբթի Երևանում ներկայացվել է Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների մասին ադրբեջանական կեղծարարությունները բացահայտող www.xocali.net նոր ինտերնետ նախագիծը:
Ինչպես լրագրողներին ասաց նախագծի նախաձեռնողներից մեկը՝ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանը, եկել է պահը, որպեսզի լուրջ հակահարված տանք Խոջալուի մասին քարոզչությամբ հայերին վատաբանելու Ադրբեջանի բոլոր փորձերին:
«Մենք փորձ արեցինք ապացուցելու, որ այսպես կոչված «Ցեղասպանության» մասին բոլոր պնդումները՝ իբր թե իրագործված Խոջալուում հայերի կողմից, ընդամենը հակահայկական քարոզչության մի մասն են»,- ասաց Ադիբեկյանը: Ըստ նրա, ադրբեջանցիների ներկայացրած նյութերի հետազոտությունը՝ որպես իրենց ճշմարտացիության ապացույց, ցույց են տալիս դրանց կեղծված լինելը:
«Xocali.net-ը իր տեսակի մեջ առաջին նախագիծն է: Մենք ծրագրում ենք հետագայում ևս հակազդել ադրբեջանցիների հակահայկական քարոզչությանը՝ հակակշիռ ապահովելով Ադրբեջանի կողմից սկսված տեղեկատվական պատերազմում»,- նշեց նախագծի ղեկավարը: Նա հայտնեց, որ կայքի անվանումը գրվում է ադրբեջանական տառադարձմամբ, որպեսզի գտնելը հեշտ լինի որոնման համակարգերում:
Ադիբեկյանը նշեց, որ տեղեկատվությունը կայքում ներկայացված է վեց լեզվով՝ անգլերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն և ֆրանսերեն:
«Իրականում, այս նախագիծը մի ռեսուրս է, որտեղ ցանկացած մարդ կարող է իմանալ փաստերով ու ապացույցներով հիմնավորված ճշմարտությունը ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքների մասին»,- ընդգծեց նա:
Իր հերթին տեղեկատվական անվտանգության փորձագետ, նախագծի նախաձեռնողներից ու մասնակիցներից մեկը՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ադրբեջանական քարոզչության նպատակն այն է, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղեն Ադրբեջանում հայերի ցեղասպանությունից:
«Խոջալուի վրա ուշադրությունը հրավիրելու համար ադրբեջանցիները օգտագործում են բազմաթիվ միջոցներ, մասնավորապես, դրանցից ամենատպավորիչը լուսանկարների ցուցադրումն է: Այդ լուսանկարները այնքան սարսափելի են, որ դիտողը մանրամասների մեջ չի խորանում, թե որտեղ ու երբ են դրանք արվել: Սակայն որոշակի փորձագիտության արդյունքում պարզվում է, որ այդ լուսանկաները ոչ մի ընդհանուր բան չունեն Խոջալուում տեղի ունեցած դեպքերի հետ»,- հայտարարեց Մարտիրոսյանը:
Մասնավորապես, փորձագետի խոսքերով, ամենատարածված լուսանկարը՝ «Խոջալուն», որը տպվել է տարբեր գրքերում ու ցուցադրված է ինտերնետում, իրականում արվել է Կոսովոյում:
Ադրբեջանցիները ինտերնետը հեղեղել են սարսափազդու լուսանկարներով, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն Խոջալուի հետ: Մենք արդեն 20 նման լուսանկար ենք հայտնաբերել և շարունակելու ենք աշխատել: Կայքը ժամանակ առ ժամանակ նորացվելու է»,- հավելեց նա:
1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման և նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան» «Կրիստալ» և համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից:
Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել է հակառակորդ կողմը: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին ևս հակառակորդին տեղեկացվել էր երկու ամիս առաջ, ինչը հաստատել են նաև Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, այնժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը։
Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողությունների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա.Մութալիբովը` այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու և պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:
Տարածքը, որտեղ հետագայում բազմաթիվ սպանվածների դիակներով կադրեր են նկարահանվել, գտնվել է Աղդամից` 3, Խոջալուից 11 կմ հեռավորության վրա: Ընդհուպ մինչև 1993 թ. ամռանը Աղդամի անկումը տվյալ տարածքը ամբողջովին վերահսկվում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, ինչը բացառում էր ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքն այդտեղ:
Մինչ այսօր մշուշապատ են մնում այդ ռազմական գործողության որոշ մանրամասներ, ինչն ակտիվորեն շահարկվում է պաշտոնական Բաքվի կողմից իր քաղաքական նպատակներին հասնելու համար:
Հատկանշական է, որ այդ ամբողջ քարոզչությունը տարվում է վառ արտահայտված հակահայկական շեշտադրումներով ու օգտագործվում ադրբեջանցիների շրջանում հայերի դեմ ուղղված էթնիկ անհանդուրժողականության և ատելության շիկացման համար:
Ցավոք, անհրաժեշտ է փաստել, որ «խոջալուի» թեման շարունակում է մնալ Ադրբեջանի ներքին և արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարը ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում: -0-