ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի շինհրապարակներից մեկում կռունկի սլաքի պոկվելու հետևանքով մի երիտասարդ շինարար է զոհվել, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Փրկարար ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 23-ին, ժամը 17.24-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզալցակայանին հարակից շինարարական հրապարակում վերամբարձ կռունկի սլաքը պոկվել է, ընկել շինարարներից մեկի վրա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները մեխանիկական ամբարձիչի օգնությամբ բարձրացրել և կռունկի պոկված սլաքի տակից դուրս են բերել 17-ամյա Արման Գասպարյանի դին: -0-