ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բազմակողմ ռազմավարական համագործակցությունը տարեցտարի ստանում է նոր դրական և որակական ընթացք, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մեր ղեկավարության հանդիպումները, որոնք ընթանում են ամբողջական փոխըմբռնման և վստահության մթնոլորտում, նպաստում են ոչ միայն Հայաստանին և Ռուսաստանին հուզող արդիական խնդիրների միասնական ու համաժամանակյա լուծմանը, այլև փոխշահավետ համագործակցության հեռանկարային բանաձևերի ձևավորմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասաց Սարգսյանը երեքշաբթի Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կազմակերպած հանդիսավոր ընդունելության ժամանակ:
Շնորհավորելով ՌԴ դեսպանին և դեսպանատան ողջ աշխատակազմին՝ վարչապետը նշել է, որ այս տոնի առթիվ կարելի է առանց երկմտանքի շնորհավորել նաև Հայաստանի քաղաքացիներին:
«Ակնհայտ է, որ մեր պապերն ու հայրերը և այստեղ ներկա գտնվողներից շատերը ծառայել են խորհրդային բանակում` լուծելով հայրենիքի պաշտպանության և այն ժամանակ ընդհանուր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրները»,- ասել է նա՝ նշելով հայ ժողովրդի ծանրակշիռ ներդրումը ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակի հասնելու գործում:
Վարչապետը ասել է, որ այսօր էլ Հայաստանը Ռուսաստանի և այլ դաշնակիցների հետ միասին հավաքական անվտանգության հիմնախնդիրներ է լուծում ՀԱՊԿ և այդ կազմակերպության հետ փոխկապակցված կառույցներում:
«Անցյալ տարի Հայաստանն ու Ռուսաստանը միասին հանդես եկան ՀԱՊԿ գործունեության մեխանիզմների կատարելագործման նախաձեռնությամբ, որի շրջանակներում մասնավորապես ընդունվեց արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման որոշումը»,- ասաց նա:
Սարգսյանը վստահություն նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը, որ նրանց իրար է կապում հազարավոր անքակտելի հոգևոր թելերով, այսուհետ ևս կձևավորի և կպայմանավորի հայ-ռուսական փոխշահավետ համագործակցության բազմակողմանի ներուժը, այդ թվում և ռազմական ոլորտում:
«Կրկին շնորհավորում եմ ներկա գտնվողներին տոնի առթիվ և մաղթում եղբայրական Ռուսաստանի պաշտպաններին առողջություն, երջանկություն և բարի ծառայություն»,- ասաց Հայաստանի վարչապետը:--0--