Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցն առայժմ չի քննարկվում

23.02.2010, 16:52
Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցն առայժմ չի քննարկվում
Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցն առայժմ չի քննարկվում

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հարցով  ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցն առայժմ չի քննարկվում Եվրոպայի խորհրդում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։  

«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ հանձնաժողովը երկար տարիներ գլխավորած լորդ Ռասել Ջոնսոնի վախճանից ի վեր հայկական կողմը սկզբունքորեն որևէ ակտիվություն չի ցուցաբերել, քանի որ չի տեսել հավասարակշիռ քաղաքական գործչի, ով կկարողանար ղեկավարել այս գործընթացը»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ, այնուամենայնիվ, հանձնաժողովի ստեղծման հարցը մշտապես ԵԽԽՎ Բյուրոյի օրակարգում է և հետաձգվում է յուրաքանչյուր նիստում։

Հարությունյանը կարծում է, որ ենթահանձնաժողովի գործունեությունը կարող է արդյունավետ լինել, եթե միայն հակամարտության կողմերը նրան վստահությամբ վերաբերվեն։

«Միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հարցը պարբերաբար ակտիվանում է։ Բայց ես չեմ կարող ասել, թե մի նոր գործընթաց է սկսվել։ Պարզապես հասարակությունը դրան ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել»,- նշեց նա։

Համաձայն օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրության՝ ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուն իր ընտրվելուց հետո հայտարարել է, որ չի բացառվում առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման հնարավորությունը։

Միաժամանակ Հարությունյանը հայտնեց, որ ԵԽԽՎ-ում ստեղծվել է հակամարտությունների կանխման ենթահանձնաժողով, որի գործունեությունը ներկայումս սկզբնական փուլում է։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-