ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև էներգակիրների տարանցման ուղիներից մեկը, ասել է Կենտրոնական Ասիայում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը (Pierre Morel), տեղեկացնում է Asbarez պարբերականը՝ հղում անելով թուրքական «Hurriet» թերթին։
«Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների շուտափույթ բարելավման և սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է դառնալ դեպի Եվրոպա էներգակիրների տարանցման ուղիներից մեկը»,- նշել է Մորելը։
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-