Հայաստանի բանկային համակարգը ձևավորված և ադեկվատ համակարգ է, ինչը կօգնի տնտեսության զարգացմանը, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
«Ընդհանուր առմամբ, մեր և միջազգային գնահատականի համաձայն՝ նախորդ տարվա հակաճգնաժամային գործողություններն արդարացված էին, թեև ցավոտ էին: Մեզ հաջողվեց առանց զգալի կորուստների դուրս գալ իրավիճակից», - ասել է նախարարը շաբաթ օրը Ծաղկաձորում «Կամուրջ 2010» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ:
Դավթյանն ընդգծել է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ճգնաժամը գրեթե չի զգացել:
«Մեզ մոտ նախորդ տարի գրանցվեց բնակչության եկամուտների 11 տոկոսանոց աճ, ինչը անսովոր երևույթ է տնտեսության 14,4 տոկոսանոց անկման պայմաններում», - ասել է նա:
Դավթյանը պարադոքսալ է համարել բանկային համակարգի կապիտալի և ակտիվների աճը և ասել է, որ երկրի համար դա լուրջ բազա է ապագայի համար:
Այս կապակցությամբ նախարարը նաև հույս է հայտնել, որ հայկական բանկերը 2010 թ.-ին ավելի ակտիվ կլինեն, տոկոսադրույքները կնվազեն, «քանի որ ռեսուրսների ներարկումը շարունակվում է»:-0-