ՀՀ նախագահին առընթեր Հանրային Խորհրդի հատուկ հանձնաժողով կզբաղվի հեռուստաեթեի մոնիթորինգով, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Հանրային խորհրդի անդամ, Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մշակում է չափորոշիչներ, որոնք օրենսդրությանը համապատասխան սահմանում են ընդհանուր սկզբունքներ, այս կամ այն հաղորդման կամ ֆիլմի եթեր դուրս գալու ժամը: Մասնավորապես, այդ չափորոշիչների համաձայն, հայկական հեռուստաալիքների եթերից դուրս կմղեն էրոտիկ բնույթի, բռնության ու սարսափի տեսարաններով ֆիլմերն ու հաղորդումները, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը, անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացմանը, բացասական ազդեցություն ունենալ նրանց դաստիարակության վրա:
Նրա խոսքով, հեռուստաեթերի բովանդակությունը փոխելու հիմնական առաջարկություններն արդեն մշակված են և կներկայացվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հանրային Խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ թեպետ առաջարկվող չափորոշիչները լուրջ բանավեճերի առիթ է դարձել, Խորհուրդը համաձայն չէ այն տեսակետներին, թե չափորոշիչները կսահմանափակեն մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը:
«Հանրային խորհրդում ստեղծվել է մշտական հանձնաժողով, որը կզբաղվի հայկական հեռուստաալիքների բովանդակության հետազոտությամբ, որը ոչ միայն խորհրդատվական գործառույթներ կիրականացնի, այլև հեռուսաեթերի բովանդակության մոնիթորինգ կանցկացնի»,- ասաց Մուսայելյանը:
Միաժամանակ, ըստ նրա, հանձնաժողովը պարբերաբար կվերահսկի իրավիճակը և համապատասխան միջոցներ կնախաձեռնի հեռուստաալիքների համար որոշակի սահմանափակումներ կիրառելու փորձերի դեպքում:
Նա հայտնեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված է 35 հեղինակավոր անձ, մշակույթի գործիչներ, հոգեբաններ, լեզվաբաններ, հեռուստատեսային փորձագետներ և Հանրային Խորհրդի անդամներ: Հանձնաժողովի առաջին նիստն անցել է փետրվարի սկզբին, հաջորդը նախատեսվում է մարտին:
«Հայաստանը պետք է արագ անցնի քրեական հեռուստանովելներից մինչև գեղարվեստական արտադրանքի զարգացման փուլը: Չեմ կարծում, որ այդ հարցն արագ կլուծվի, սակայն իրավիճակը չի կարելի ինքնահոսի մատնել և ձեռքերը ծալած զարգացման սպասել»,- ասաց Մուսայելյանը:-0-