Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են միայն Մինսկի խմբի շրջանակներում. Սարգսյանի մամուլի քարտուղար

18.02.2010, 19:20
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են միայն Մինսկի խմբի շրջանակներում. Սարգսյանի մամուլի քարտուղար
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են միայն Մինսկի խմբի շրջանակներում. Սարգսյանի մամուլի քարտուղար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ասաց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով հակամարտության խաղաղ կարգավորման համար «ճանապարհային քարտեզ» մշակելու՝ Ղազախստանի մտադրության վերաբերյալ տեղեկատվությունը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում  են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ նախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Համանախագահ երկրները, այդ պետությունների ղեկավարները մշտապես հայտարարում են ղարաբաղյան հարցի կարգավորման գործում ԵԱՀԿ ՄԽ-ին օժանդակություն ցուցաբերելու  պատրաստակամության մասին»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ֆարմանյանը։

Ինչպես նշեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի միջոցով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է հայտնել Ղազախստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն աջակցելու պատրաստակամությունը։

Կանատ Սաուդաբաևը Վիենայում ԵԱՀԿ ԽՎ ընդհանուր հանձնաժողովների նիստի ժամանակ ասել է, որ Ղազախստանը՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, մտադիր է նախագահության «ճանապարհային քարտեզ» մշակել՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործընթացի զարգացման վերաբերյալ բոլոր կողմերի ջանքերին աջակցության և ավելացման ուղղությամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-