ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող նյութերը՝ կապված 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ, կներկայացնի Հաագայի դատարան, տեղեկացրեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«Ռոբերտ Քոչարյանի մասին նյութերը կներկայացվեն Հաագայի դատարան», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շահնազարյանը:
Միաժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ միջազգային ատյաններում, օրինակ՝ ԵԽ-ում և ԵԽԽՎ-ում, 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հասկացությունը նոր որակ է ստացել, և միջազգային ատյանները հասկացել են, որ զանգվածային անկարգությունները կազմակերպվել են իշխանությունների կողմից, իսկ բանակն օգտագործվել է ներքին խնդիրների լուծման համար:
Անդրադառնալով մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու հարցին՝ Շահնազարյանը նշեց, որ հանրահավաքի ժամանակ գնահատական կտրվի ներկա իրավիճակին, կորոշվեն հնարավոր զարգացումներն ու կսահմանվեն ընդդիմության հետագա քայլերը:
«Սպասենք հանրահավաքին, այդ ժամանակ ամեն ինչ կասվի», - նշեց նա:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։-0-