ԱԺ-ն խստացնում է լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքում նախատեսված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Քննարկվել է Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հանձնաժողովը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել է պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խստացնել լրագրողների կամ նրանց ընտանիքների նկատմամբ կատարված բռնությունների դեպքում նախատեսված պատժամիջոցները:
«Օրինագծի համահեղինակ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո որեւէ առաջարկ կամ դիտողություն չի ստացվել, ուստի օրինագիծը չի փոփոխվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օրինագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:-0-