Հայ երիտասարդությունը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Մեծ Պահքի պահպանմանը. հոգևորական

12.02.2010, 18:23
Հայ երիտասարդությունը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Մեծ Պահքի պահպանմանը. հոգևորական

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ երիտասարդությունը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Մեծ Պահքի պահպանմանը, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տված ասուլիսի ժամանակ ասաց Սբ. Էջմիածնի առաջնորդարանի տեղեկատվական համակարգի ղեկավարի տեղակալ, Մեսրոպ աբեղա Պարսամյանը:  

Ըստ նրա, Հայաստանի անկախացումից ի վեր երիտասարդության շրջանում զգալի հետաքրքրություն է նկատվում Մեծ Պահքի հանդեպ:

Նա նշեց, որ իհարկե բոլորը չէ, որ հետևում են Մեծ Պահքին, սակայն հետաքրքրություն կա, ինչը խրախուսվում է, այդ թվում տարբեր հաստատությունների կողմից, մասնավորապես սրճարանների ու ռեստորանների, որոնք հատուկ Պահք պահողների ճաշացանկ են առաջարկում:

«Սա վկայում է լուրջ հետաքրքրության մասին, որ առկա է բնակչության շրջանում, սակայն առաջնայնությունն անհրաժեշտ է տալ հոգևոր Պահքին, սահմանափակվելով ոչ  միայն կենդանական ծագման սնունդ չընդունելով: Անհրաժեշտ է փորձել հոգեպես ամրանալ, այդ թվում ցանկության զսպան մեջ»,- ասաց Պարսամյանը:   

Ըստ նրա, Պահքի շրջանը կարելի է բնութագրել որպես հոգևոր ուղի, որը մեզ դեպի Աստված է տանում:

Ընդ որում, ինչպես նշեց հոգևորականը, Մեծ Պահքի յուրաքանչյուր շաբաթն իր իմաստն ունի և հավատացյալներին հոգեպես ու մտովի պատրաստում է Քրիստոսի Հարությանը:

«Պահքը նախատեսում է սահմանափակում սննդի մեջ, մասնավորապես, կենդանական ծագման, սակայն դա ինքնանպատակ չէ, այլ միայն միջոց հոգու պատրաստման ու մաքրման: Ամեն ինչ կախված է ցանկությունից, եթե մենք ուզում ենք մաքրվել մեղքերից, ապա Պահքը մաքրման, ինքնագիտակցման ու ինքնագնահատման լավ պահ է»,- ասաց Պարսամյանը:

Այս շրջանում եկեղեցիներում փակվում են դռները, ինչը հոգևորականի խոսքերով խորհրդանշում է այն, որ մարդու և Աստծո միջև խոչընդոտ կա, մարդը չի տեսնում, և չի լսում Աստծուն: 

«Մեծ Պահքը մեզ հետ խոսում է այն մասին, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ ու կերպարով և նրան վերադառնալու հնարավորություն ունի»,- ասաց Պարսամյանը:

Փետրվարի 15-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեին: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 4-ին: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 10-ին և կոչվում է միջինք: Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն` բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերին: