ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է Ֆրանսիայում ռազմական կրթության գործընթացին

11.02.2010, 16:04
ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է Ֆրանսիայում ռազմական կրթության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 10-ին եղել է Եվրոպայի հնագույն և առաջատար ռազմակրթական հաստատություններից մեկում` Ֆրանսիայի պաշտպանության միացյալ քոլեջում:

«Այցի ընթացքում հայկական պատվիրակությանը ներկայացվել են Ֆրանիսայի զինված ուժերի ռազմական բարձրագույն կրթության համակարգը, ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդաբանությունը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեն:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում ընթացող բարեփոխումները, կարևորվել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և օրենսդիր մարմնի վերահսկողության մեխանիզմերի զարգացումն ու ամրապնդումը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ:-0-