ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանությունը չի վնասի Հարավային Կովկասի անվտանգությանը, տարածաշրջանում տևական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա, ասել է ՀՀ նախագահը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանն ասել է, որ նախօրեին իրենք հարցրել են, թե ինչպես պետք ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը Մեծ Բրիտանիային, և արդյոք ճանաչելով ցեղասպանությունը` Մեծ Բրիտանիան չի՞ վնասի Կովկասի անվտանգությանը:
«Ես պատասխանեցի, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ: Այստեղ այլ աշխատանքի կարիք կա»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ցեղասպանությունը ճանաչելով անվտանգությանը վնասելու մտավախությանը, նախագահը զրուցակցին հակադարձել է, որ դա նույնն է, ինչ ընտրություն առաջարկել անվտանգության և արժեքային համակարգի միջև: «Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տևական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա»,- ասել է նախագահը:
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-