Ադրբեջանը փորձում է Օմբուդսմենի ինստիտուտը վերածել տեղեկատվական պատերազմի հարթակի. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

10.02.2010, 14:51
Ադրբեջանը փորձում է Օմբուդսմենի ինստիտուտը վերածել տեղեկատվական պատերազմի հարթակի. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանը փորձում է Օմբուդսմենի ինստիտուտը վերածել տեղեկատվական պատերազմ վարելու հիմնական հարթակի, ասել է ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

«Շատ դեպքերում մենք ստիպված ենք լինում միջազգային կառույցներում խոսել ոչ թե մարդու իրավունքների մասին, այլ դառնում ենք ազգային քաղաքական գործիչ, քանի որ այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում է հարևան երկրի Օմբուդսմենը, ստիպում են մեզ հերթական անգամ հասկանալ, որ մենք մի մեծ  տեղեկատվական պատերազմի վիճակում ենք», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը:

Այս կապակցությամբ Հարությունյանը հիշեցրեց, որ այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Լեռնային Ղարաբաղի Օմբուդսմենը դարձավ Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի անդամ, Ադրբեջանը սկսեց բավականին լուրջ հարձակումներ իրականացնել, որպեսզի ղարաբաղցի Օմբուդսմենի անդամակցությունը չեղյալ համարվի:

«Դա չհաջողվեց, ավելին՝ մենք առաջ գնացինք և հնարավորություն ստացանք քննարկել չճանաչված այլ պետությունների Օմբուդսմենների անդամակցության հարցը», - ասաց նա:

Նրա խոսքերով՝ այս օրինակը վկայում է այն մասին, որ «մեզ շատ լուրջ տեղեկատվական պատերազմ է պարտադրված, և մենք, ուզենք թե չուզենք, ամենքս մեր ոլորտում պետք է կարողանանք պաշտպանել ազգային շահերը», - ընդգծեց նա:

Այս կապակցությամբ Հարությունյանը կոչ արեց ողջ հայ հասարակությանը միավորվել՝ դառնալով միասնական ուժ, ինչպես նաև ասաց, որ մարդու իրավունքներն ու պետական և ազգային շահերը փոխկապակցված են:

«Մարդը պետք է զգա, որ իր իրավունքները պաշտպանված են, որպեսզի նրա և պետության միջև ձևավորվի օրգանական կապ: Դա միակ հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը, չունենալով հարուստ ռեսուրսներ, կարողանա դիմակայել իր առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերներին», - եզրափակեց Օմբուդսմենը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-