Հայոց ցեղասպանության գործոնը գերիշխող կլինի հայ-թուրքական հարաբերություններում. թուրքագետ

10.02.2010, 10:33
Հայոց ցեղասպանության գործոնը գերիշխող կլինի հայ-թուրքական հարաբերություններում. թուրքագետ
Հայոց ցեղասպանության գործոնը գերիշխող կլինի հայ-թուրքական հարաբերություններում. թուրքագետ

Հայոց ցեղասպանության գործոնը գերիշխող կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում, կարծում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ցեղասպանության գործոնը գերակա կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև ապագա բոլոր գործընթացներում», - ասել է Սաֆրաստյանը:

Նրա խոսքերով՝ 1998-2000 թվականներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ գործոնի կիրառումը Թուրքիայի հետ հարաբերություններում նոր շրջանի սկիզբ դարձավ:

«Այն, որ Թուրքիան Հայաստանի հետ բանակցությունների գնաց, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության օգտագործման արդյունքը դարձավ», - հայտարարել է Սաֆրաստյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

«Ես չեմ կարծում, որ ցեղասպանության խնդիրը տեղափոխվել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների մակարդակ: Ցեղասպանության ճանաչման համար հայկական համայնքների պայքարի գործընթացը մեծամասամբ կախված չէ երկրի իշխանություններից», - ասել է Իսկանդարյանը՝ նշելով, որ միջազգային ճանաչման գործընթացը դեռ ընթանում էր այն ժամանակ, երբ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր:

Նրա խոսքերով՝ այդ գործընթացը դադարեցնելն ու ապրիորի այն միջպետական մակարդակ տեղափոխելն անհնար է:

«Ցեղասպանության խնդիրը գոյություն ունի ինքն իրեն: Հաճախ այն ծագում է անգամ հայկական քաղաքական վերնախավի որոշակի շրջանակների ցանկությանը հակառակ», - իր հերթին հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քննարկման հնարավորության հետ կապված գործընթացները խորհրդանշում են այն, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի դադարել:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից: -0-