Հայ ականավոր բանաստեղծ Վահան Տերյանի ժողովածու-օրացույցի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում: Հայաստանի Ազգային գրադարանում կայացավ «Բարի հիշեք ինձ ձեր սրտում» ժողովածու-օրացույցի շնորհանդեսը:
Ժողովածուում ընդգրկվել են պոետի ստեղծագործությունները, կենսագրական փաստեր, որոշ փաստաթղթեր արխիվից, նամակագրություն, ինչպես նաև Տերյանի ժամանակակիցների , նրա արվեստը գնահատողների (Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Գեղամ Սարյան) կարծիքը բանաստեղծի մասին: «Հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի Ազգային գրադարանում ողջ տարվա ընթացքում Տերյանական օրեր կանցկացվեն»,- ասաց գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:
«Լևոն Միրիջանյան» հիմնադրամի նախագահ, խորհրդարանի պատգամավոր Գալուստ Սահակյանը, ում աջակցությամբ ստեղծվել է ժողովածուն, նշեց, որ ուրախությամբ է ընդունել պոետի հոբելյանի կապակցությամբ ստեղծվող ժողովածուի գաղափարը:
«Տնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի տագնապալի է բարոյական ճգնաժամը: Այս հավաքածուն մեզ տանում է մարդու ներաշխարհ, որի գիտակն է Վահան Տերյանը»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Ժողովածուն կազմելու գաղափարը ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանինն է:
Վահան Տերյանը ծնվել է 1885 թվականի հունվար 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։
1908թ.-ին լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։ 1915թ.-ին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917 թ.-ին հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ 1919 թ.-ին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն թոքախտի պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թ.-ի հունվար 7-ին։-0-