Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Սիրիայի հետ բազմակողմ և բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանը, ասել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կիրակոսյանի խոսքերով, այդ է վկայում Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը` ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սիրիայի, մասնավորապես արևելյան շրջանների հետ, ամենատարբեր բնագավառներում համագործակցության խորացման համար:
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Սիրիայում՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդատվություններն անցկացնելու, ինչպես նաև Դեյր Զորում ՀՀ պատվո հյուպատոսության բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Սիրիայի ԱԳ նախարարն իր հերթին ընդգծել է, որ շարունակական բարձրաստիճան այցելությունները նոր լիցք և որակ են հաղորդում երկու բարեկամ երկրների փոխշահավետ համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:-0-