Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման իրական վտանգ չկա, կարծում է «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Ես հակված չեմ այն կարծիքին, որ այժմ ռազմական գործողությունների վերսկսման մեծ, իրական վտանգ կա, չնայած մի շարք միջազգային և ամերիկյան փորձագետներ այլ կարծիք ունեն», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը:
Փետրվարի 2-ին ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության ղեկավար Դենիս Բլերը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված իր զեկույցում հայտարարել է, որ «չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման հարցում նախորդ տարի արձանագրված առաջընթացի՝ այդ գործընթացն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող նուրբ հարաբերությունների վրա և բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման ռիսկը:
Հայ պատգամավորի կարծիքով, օտարերկրյա փորձագետների նման կանխատեսումները ոգեշնչել են պաշտոնական Բաքվին, որն արդեն սկսել է ռազմական գործողությունների սցենարներ կառուցել: Սակայն ինչպես նշեց խորհրդարանականը, ղարաբաղյան հակամարտության գոտում չի կարելի ամբողջովին բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:
Ինչպես կանխատեսում է Սաֆարյանը, Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը կարող է Իրանում անկայունության հանգեցնել: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ միայն այդ դեպքում Ադրբեջանը կկարողանա օգտվել իրավիճակից և վերսկսել պատերազմը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-