Հայաստանի օմբուդսմենը արդարադատության նախարարին խնդրել է պարզաբանել «Էրեբունի» ՔԿՀ-ում տիրող իրավիճակը

Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նամակով դիմել է արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին՝ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում տիրող իրավիճակը պարզաբանելու խնդրանքով:
Երկուշաբթի Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն այցելել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ:
«Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՔԿՀ-ում պատիժ են կրում 420 դատապարտյալներ, այն դեպքում, երբ «Էրեբունի» ՔԿՀ-ն նախատեսված է 391 դատապարտյալի համար:,- ասվում է նամակում:
Բացի այդ՝ հիմնարկում բացակայում է կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, հիմնարկը չունի ջեռուցման համակարգ, կացարանները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Գրեթե բոլոր կացարանները ենթակա են կապիտալ վերանորոգման:
Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ դատապարտյալների համար պատրաստված բրնձով և մակարոնով շիլային ավելացվել է 5 տուփ պահածոյացված մսամթերք՝ յուրաքանչյուրը 860 գրամ: Տվյալ պարագայում խախտվել է ՀՀ Կառավարության 2003թ. ապրիլի 10-ի թիվ 413-Ն որոշման պահանջները, ըստ որի, յուրաքանչյուր դատապարտյալի օրական տրամադրվում է 90 գրամ միս: Այսինքն, ըստ էության քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրամադրվել է մոտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9 անգամով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերոհիշյալ հարցերի կապակցությամբ»,- ասվում է օմբուդսմենի նամակում:--0--