Հայ թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում այն հնարավորությունը, որ շուտով ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«ԱՄՆ իշխող վերնախավում ներկայումս մեծամասնություն են կազմում այն մարդին, որոնք սենատոր եղած ժամանակ ակտիվ սատարել են Ցեղասպանության ճանաչումը: Եվ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու»,- փորձագետն ասաց երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա՝ անցյալ տարի նախագահ Բարաք Օբաման մոտեցել էր այն բանին, որպեսզի 1915 թ.-ի դեպքերը կոչեր ցեղասպանություն տերմինով:
«Հավանական է, որ այս տարի նա օգտագործի ցեղասպանություն բառը»,- ասաց Սաֆրաստյանը:
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-