ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ մասնագետների առաջին հավաքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր վարչությունում, երկուշաբթի հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:
Միջոցառումը սկսվել է Երևան քաղաքի կայարանում հավաքի պատվիրակների հանդիպումից: Երկաթուղու թանգարան այցելելուց հետո երիտասարդ երկաթուղայինները մեկնել են Մասիս կայարան, որտեղ նրանց ներկայացվել է տարբեր ծառայությունների աշխատանքների տեխնոլոգիան: Մասիս կայարանում պատվիրակներին ներկայացվել են նաև ՀԿԵ-ի կողմից ներդրված նորագույն տեխնոլոգիաները, մասնավորապես՝ ավտոմատ աշխատատեղ ծրագրային-տեխնիկական համալիրի աշխատանքի գործընթացը:
Երևան վերադառնալուց հետո գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել «ՀԿԵ-ի զարգացման ռազմավարություն. տեխնոլոգիա և կադրեր» թեմայով ցուցահանդեսը, որի ժամանակ մասնակիցները կարողացել են ծանոթանալ ընկերության զարգացման հետագա ծրագրերին, որոնցում կարևորագույն դերը երիտասարդ կադրերի նախապատրաստումն է:
«Ժամանակները փոխվում են, սակայն պահանջները մնում են, որոնց թվում են մասնագիտությանը տիրապետելը, աշխատունակությունը, նախաձեռնողականությունը, կոլեկտիվում աշխատելու և ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունը: Դուք՝ երիտասարդ երկաթուղայիններդ, մեծ առավելություն ունեք, դա ժամանակն է: Ժամանակ՝ սովորելու համար: Այդ պատճառով մենք այսօր որոշել ենք ստեղծել Երիտասարդ մասնագետների խորհուրդ, որպեսզի դուք կարողանաք սովորել և ապագայում արդեն ինքներդ ուսուցանեք ուրիշներին», - իր ողջույնի խոսքում նշել է ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:
Նիստի շրջանակներում ընտրվեցին Երիտասարդ մասնագետների խորհրդի անդամները: Խորհուրդը պատասխանատու է երիտասարդ աշխատակիցների հոգևոր-մշակութային արժեքների զարգացման, նախաձեռնողականության խթանման, երիտասարդ կադրերի կորպորատիվ ոգու և ՀԿԵ-ի թիմում գտնվելու գիտակցության դաստիարակման համար: Խորհրդի նախագահ է ընտրվել ընկերության մամուլի ծառայության ղեկավար Վահե Դավթյանը, ով ներկայացրել է «ՀԿԵ-ի երիտասարդությունը 2010-2015 թթ.-ին» ծրագիրը:
Խորհուրդը որոշեց, որ նման հավաքներ են անցկացվելու կանոնավոր կերպով, այդ հավաքների ժամանակ լուծվելու են երիտասարդ երկաթուղայիններին հուզող հարցերը, լուսաբանվելու է փորձառու երկաթուղայինների կուտակած գիտելիքներն ու հմտությունները երիտասարդ մասնագետներին փոխանցվելու թեման:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—