ՀՀ մշակույթի նախարարի նախկին խորհրդականը մեղադրվում է հատուկ խոշոր չափերի խարդախության մեջ. գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և վերջինիս օժանդակությամբ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ, հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
««Ինօրիենթ» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի նախկին խորհրդական, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության ներկայիս պետ Ա. Հայրապետյանը վերահսկել է ավելի քան 19 մլն դրամ գումարի գնումների գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ Գլխավոր դատախազության տվյալներով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նա կազմակերպել է նախարարության և «Ինօրիենթ» ՍՊ ընկերության միջև իրավական ակտերի մշակման ծառայությունների գնման պայմանագրի կնքումը, որով նախատեսված 19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ: Արդյունքում Հայրապետյանը հափշտակում է 19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար` պետությանը պատճառելով էական նյութական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
«Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը 29.01.10թ. հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն իրականացնելու:-0-