ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մինչև 2020 թվականը հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում՝ տարեկան 1-2 աստիճանով, ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Նման տվյալներ են ներկայացվում կլիմայի փոփոխության մասին ազգային երկրորդ զեկույցում», - ասաց նա՝ ուրբաթ զեկույցի ներկայացման ժամանակ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Զեկույցում նշվում է, որ ըստ հաշվարկների՝ Հայաստանում 2020 թ.-ին կանխատեսվում է մինչև 23 հազար տոննա ջերմոցային գազերի արտանետման աճ՝ առանց կոնկրետ միջոցառումների իրականացման սցենարի և 15 հազար տոննա՝ նախատեսված ծրագրերի իրագործման դեպքում: Երկու դեպքում էլ արտանետումների հիմնական աղբյուրը էներգետիկ հատվածն է:
Հայաստանը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված քանակական պարտավորություններ չունի: Սակայն լինելով կոնվենցիայի մասնակից-երկիր՝ Հայաստանն աջակցում է կոնվենցիայի վերջնական նպատակին հասնելուն՝ հետևողականորեն իրագործելով արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումները, այդ թվում նաև՝ Մաքուր զարգացման մեխանիզմների օգտագործմամբ և Կիոտոյի արձանագրության շրջանակներում:
Կիոտոյի արձանագրությունը ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) 1997 թ.-ի դեկտեմբերին՝ որպես Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) հավելում: Այս միջազգային համաձայնագիրը պարտավորեցնում է զարգացած երկրներին և անցումային տնտեսություն ունեցող երկրներին 2008-2012 թթ.-ին կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները՝ 1990 թ.-ի համեմատ: Կիոտոյի արձանագրությունը նախատեսում է երեք ճկուն մեխանիզմ՝ արտահանումների քվոտաների առևտուր, մաքուր զարգացման մեխանիզմ (Clean Development Mechanism (CDM) և համատեղ իրագործում (Joint Implement):
Ազգային երկրորդ զեկույցում ներկայացված են նաև Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության կանխատեսումները Հայաստանում 2030, 2070 և 2100 թթ-ին ջերմաստիճանի փոփոխության և տեղումների քանակի մասին: Ըստ այդ կանխատեսումների՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գլոբալ և համաշխարհային ջանքեր չգործադրելու դեպքում 2100 թ.-ին Հայաստանում հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում միջինը 5,7 աստիճանով, մինչև 27 տոկոս տեղումների քանակի կրճատում, ինչպես նաև վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների, օրինակ՝ երաշտի, ուժեղ քամիների, ջրհեղեղների և կարկուտի հաճախակիացում և ուժեղացում:
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան՝ ԿՓՇԿ (Framework Convention on Climate Change, UN FCCC) աշխարհի ավելի քան 180 երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի, նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրների և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների կողմից ստորագրված համաձայնագիր է՝ կլիմայի փոփոխության խնդրի շուրջ երկրների գործողությունների ընդհանուր սկզբունքների մասին: Կոնվենցիան հանդիսավոր կերպով ընդունվել է 1992 թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած «Երկրագնդի գագաթնաժողովի» ժամանակ և ուժի մեջ է մտել 1994 թ.-ի մարտի 21-ին:-0-