ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի հայտարարությունը նախազգուշացում է Ադրբեջանին. փորձագետ

04.02.2010, 17:26
ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի հայտարարությունը նախազգուշացում է Ադրբեջանին. փորձագետ
ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի հայտարարությունը նախազգուշացում է Ադրբեջանին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիս Բլերի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հնարավոր վերսկսման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի մերձեցման պատճառով նախազգուշացում է Ադրբեջանի համար, կարծում է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

Փետրվարի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրած իր զեկույցում Դենիս Բլերը հայտարարել է, որ չնայած նախորդ տարի Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման հարցում արձանագրված առաջընթացին՝ այդ գործընթացն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի նուրբ հարաբերությունների վրա և բարձրացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման ռիսկը։

«Հայտարարությունը նախազգուշացնում է, որ պատերազմը կլինի Ադրբեջանի կողմից։ Այդ տարածաշրջանում միայն մեկ երկիր է արձագանքել հայ-թուրքական դիվանագիտությանը՝ Ադրբեջանը»,- ասաց նա՝ նշելով, որ ԱՄՆ-ում հասկանում են, որ Ադրբեջանը սխալ հետևություններ է կատարել 2008 թվականի հարավկովկասյան համակարտությունից։

Գիրագոսյանը նշեց նաև, որ Բլերի ուղերձի մեկ այլ կարևոր ազդակ է եղել նրանում Թուրքիան չմատնանշելը, ինչը վկայում է ԱՄՆ-ի կողմից նրա նկատմամբ հետաքրքրության նվազման մասին։

Փորձագետն այս կապակցությամբ ընդգծեց, որ նմանատիպ զեկույցներում յուրաքանչյուր բառ բծախնդրորեն ընտրվում և տասնյակ անգամներ ստուգվում է։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-