ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն կարող է ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը Թուրքիային պատժելու նպատակով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար, կարծում է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:
«Թուրքիայի ձգձգումը նյարդայնացնում է Ամերիկային: Կոնգրեսը կարող է դարձյալ վերադառնալ Ցեղասպանության հարցին Թուրքիային պատժելու համար: Նախագահ Օբաման կարող է օգտվել դրանից ցույց տալու համար, որ ինքն ուժեղ առաջնորդ է, սկզբունքային է և պատրաստ պաշտպանել ճշմարտությունը»,-հայտարարեց նա:
Ըստ փորձագետի՝ Թուրքիայի դիրքորոշման առնչությամբ ԱՄՆ դժգոհության մասին նրան ուղղված առաջին նախազգուշացումներից էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի տարածաշրջանային այցը Հայաստան և Վրաստան փետրվարի 4-5-ին՝ առանց Ադրբեջանի այցելելու:
«Այս այցի ազդանշաններից մեկն այն է, որ Ղարաբաղյան հարցը կապված չէ հայ-թուրքական գործընթացի հետ, իսկ մյուս ազդանշանը, որը այնքան էլ պաշտոնական չէ, այն է, որ Թուրքիան կսխալվի՝ դառնալով առաջին երկիրը, որը կնեղացնի ու կբարկացնի նախագահ Օբամային»,- նշեց նա:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ --0--