Երևանում հինգշաբթի մեկնարկել է «Հարավային Կովկասի երիտասարդական ֆորում. ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության հայեցակարգը: Ինչպիսի՞ն է մեր դերը» թեմայով միջազգային համաժողովը:
«Այս միջոցառումը նվիրված է անվտանգության ապահովման և մեր երկրների համար խաղաղ ապագայի կառուցման հարցում երիտասարդության դերի ուսումնասիրմանը», - ասել է «Հայկական ատլանտյան ասոցիացիայի» (ՀԱԱ) գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:
ՀԱԱ-ի հրավերով միջոցառմանը մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանն ու Թուրքիան ներկայացնող փորձագետներ, երիտասարդ մասնագետներ, գիտությունների դոկտորներ, ասպիրանտներ և ուսանողներ: Պողոսյանի խոսքերով, չնայած հրավերքին, Ադրբեջանից ոչ ոք չի ժամանել:
Պողոսյանը նշեց, որ միջոցառումը նվիրված է երիտասարդության կողմից ՆԱՏՕ-ի անվտանգության նոր դոկտրինի քննարկմանը: Այն մասնակիցների կարծիքով կարևոր կետերի առաջադրման փորձ է, որոնք պետք է հաշվի առնվեն նոր փաստաթղթի մեջ:
Նա տեղեկացրեց, որ 2009թ.-ին ՆԱՏՕ-ն սկսել է անվտանգության նոր դոկտրինի մշակման նոր գործընթացը, և այդ գործընթացում մեծ նշանակություն է տրվում հասարական կազմակերպությունների և ՆԱՏՕ-ի գործընկեր-երկրների կարծիքների քննարկման թափանցիկությանը:
«Ֆորումի ավարտին կկազմակերպվի խաղ՝ Կոպենհագենի գլխավոր վեհաժողովի մոդելավորում, որտեղ մասնակիցները կփորձեն քննարկումներ անցկացնել և ստորագրել նոր դոկտրին», - ասաց Պողոսյանը:
Երկու օր տևող կոնֆերանսի օրակարգում ներառված են ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական դոկտրինի մշակումը, 21-րդ դարում անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի դերի սահմանումը, ՆԱՏՕ-ի և Կովկասի հարաբերություններն ու անվտանգության խնդիրները երկրագնդի վրա կլիմայի փոփոխության համատեքստում:
Որպես համաժողովի հիմնական զեկուցողներ հանդես կգան Հայաստանի պետական մարմինների, Երևանում և Թբիլիսիում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա փորձագետներ:
Համաժողովը կազմակերպվել է Նորվեգիայի ատլանտյան կոմիտեի աջակցությամբ:-0-