Համանախագահ-երկրները հասկանում են Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցելու անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳ նախարար

03.02.2010, 20:12
Համանախագահ-երկրները հասկանում են Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցելու անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳ նախարար
Համանախագահ-երկրները հասկանում են Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցելու անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մինսկի խմբի համանախագահ-երկրները հասկանում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցելու անհրաժեշտությունը, ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը: Կարող եմ ասել, որ մեր մոտեցումը ԼՂՀ մասնակցության առնչությամբ ըմբռնում է գտնում երեք համանախագահների շրջանում»,- ասաց նախարարը:

Նա հավելեց նաև, որ Ադրբեջանի հայտարարությունները բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհնարին լինելու մասին ևս մեկ անգամ հաստատում են նրա ոչ կառուցողական մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: