Հաստատվել է Օլիմպիադա մեկնող հայկական պատվիրակության կազմը

03.02.2010, 19:38
Հաստատվել է Օլիմպիադա մեկնող հայկական պատվիրակության կազմը
Հաստատվել է Օլիմպիադա մեկնող հայկական պատվիրակության կազմը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հաստատվել է հայկական պատվիրակության վերջնական կազմը, որը կմեկնի Վանկուվերի Օլիմպիական խաղերին մասնակցելու (փետրվարի 12- մարտի 1), հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք, արագավազք և 15 կմ), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի, արագավազք և 10 կմ), ամերիկահայ լեռնադահուկորդ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը (հսկա ոլորավայրէջք և սովորական ոլորավայրէջք) և Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր, հսկա ոլորավայրէջք և սովորական ոլորավայրէջք):

ՀՀ մարզական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Պատվիրակության կազմում են մարզիչներ Սլավիկ Սարգսյանը, Գագիկ Սարգսյանը, Գառնիկ Հակոբյանը, Սամվել Հակոբյանը, Լյովա Հարությունյանը, Ասատուր Պողոսյանը և մարզական լրագրողներ Կարեն Գիլոյանն ու Կարո Պողոսյանը:

Նախօրեին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հայկական պատվիրակության հետ հանդիպեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: -0-