ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական տարածաշրջանային Sukhoi Superjet 100 (SSJ) ինքնաթիռների առաջին մատակարարումները մեկնարկային պատվիրատուներին՝ ռուսաստանյան «Աէրոֆլոտ»-ին և հայկական «Արմավիա»-ին, ծրագրված են ընթացիկ տարվա երկրորդ կեսին, չորեքշաբթի հայտնեց Միավորված ավիաշինարարական կորպորացիայի (ՄԱԿ) նախագահ Ալեքսեյ Ֆյոդորովը։
«Այս ինքնաթիռների առաջին մատակարարումները նախատեսվում է իրականացնել 2010 թվականի երկրորդ կեսին»,- լրագրողներին ասել է Ֆյոդորովը «Ռուսաստան-2010» ֆորումի կուլուարում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նա հայտնել է նաև, որ վերջերս անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին ՄԱԿ ներկայացուցիչներ և SSJ ինքնաթիռների SaM-146 շարժիչների արտադրողներ։ Այս շարժիչների արտադրողը համատեղ ձեռնարկություն է, որին մասնակցում է ռուսական «Սատուրն» ԳԱՄ-ը և ֆրանսիական Snecma-ն։ Նրա խոսքերով, խորհրդակցության ընթացքում քննարկվել է, մասնավորապես, այս ինքնաթիռի շարժիչների մատակարարման ժամկետների հարցը։
«Ներկայում մատակարարումների ժամանակացույցը համաձայնեցվում է, և ըստ դրա կսահմանվի մեկնարկային պատվիրատուներին առաջին ինքնաթիռների մատակարարման ժամանակացույցը»,- ավելացրեց Ֆյոդորովը։ ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն հունվարի վերջին հայտարարել է, որ Superjet նախագծի հավաստագրումը կանցկացվի ընթացիկ տարվա հուլիսին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Superjet 100-ը ժամանակին՝ 2009 թվականի դեկտեմբերին չի մատակարարվի մեկնարկային և միաժամանակ խոշորագույն պատվիրատուին՝ «Աէրոֆլոտ»-ին, քանի որ հստակեցվում են այդ ինքնաթիռի SaM-146 շարժիչների հավաստագրման և մատակարարման ժամկետները։ «Աէրոֆլոտն» ընդհանուր առմամբ պատվիրել է 30 Superjet 100 ինքնաթիռ՝ 2009 թվականի դեկտեմբերից սկսած ավիաընկերությանը պետք է ստանար ամսական մեկական նոր ինքնաթիռ։
Նախագծի մեկ այլ մեկնարկային պատվիրատու է Հայաստանի ավիափոխադրող «Արմավիա»-ն, որը սպասում է երկու Superjet ինքնաթիռի։
Superjet 100 մերձմագիստրալային ուղևորատար ինքնաթիռը, որը Boeing-ի հետ համատեղ մշակել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն, հաշվարկված է մինչև 4,4 հազար կիլոմետր տարածությունը մինչև 98 ուղևոր տեղափոխելու համար: Առաջին Superjet 100-ը հանրությանն է ներկայացվել 2007թ. սեպտեմբերի 26-ին Ամուրի Կոմսոմոլսկի գործարանում: Հենց այնտեղ էլ հաջողությամբ իրականացվել է առաջին թռիչքը: Ներկայում այս ինքնաթիռի 122 պատվեր կա։
Ինքնաթիռը ստեղծվում է միջազգային կոոպերացիայի պայմաններում. նախագծի իրականացմանը մասնակցում է ավելի քան 30 ընկերություն։ -0-