Հայ ուսանողները պետք է մասնակցեն հասարակության խնդիրների լուծման գործին. Երիտասարդ ուսանողների ասոցիացիա

02.02.2010, 14:29
Հայ ուսանողները պետք է մասնակցեն հասարակության խնդիրների լուծման գործին. Երիտասարդ ուսանողների ասոցիացիա

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ուսանողները պետք է մասնակցեն հասարակության խնդիրների լուծման գործին և ինտեգրված լինեն սոցիալական գործընթացների մեջ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երիտասարդ ուսանողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանը:

«Ոչ մի երկրում պետությունը չի կարող ամբողջական ծավալով իրականացնել բոլոր սոցիալական պարտավորությունները: Այդ պատճառով մենք՝ ուսանողներս, փորձում ենք պատասխանատվության ինչ-որ մասը մեզ վրա վերցնել», - ասաց Մելքոնյանը:

Նա նշեց, որ չի կարելի պրոֆեսիոնալ կրթություն ստանալ հասարակության խնդիրների մեջ ինտեգրվելուց անջատ, իսկ բարեգործական ակցիաներին մասնակցելն օգնում է ուսանողների շրջանում բարոյական որակներ և քաղաքացիական պատասխանատվության զգացում զարգացնել:

Կազմակերպության ղեկավարի խոսքերով, «Երիտասարդ ուսանողների ասոցիացիան» ստեղծվել է Երևանի պետական համալսարանում ձևավորված ուսանողական շարժման հիման վրա: Այս պահին կազմակերպության հաստիքում 65 հոգի է ընդգրկված, ովքեր հակամարգում են իրենց կոմիտեները: Ակցիաներին մասնակցում են երկրի տարբեր բուհերի 180 ուսանողներ:

«Ասոցիացիան արդեն ավելի քան 20 բարեգործական ակցիա է իրականացրել Հայաստանում, որոնց շրջանակներում անապահով ընտանիքներին տրամադրվել է հագուստ, սննդամթերք, գրենական պիտույքներ և գրքեր», - ասաց Մելքոնյանը: Նա նշեց, որ ընտանիքներ ընտրելիս առաջնահերթությունը տրվում է բազմազավակ ընտանիքներին և ազատամարտիկների ընտանիքներին: Նրանց փնտրելու հարցում օգնում են Հայաստանի մարզերի ուսանողները, ովքեր տեղեկացնում են իրենց մարզերում բնակվող անապահով ընտանիքների մասին:

Մելքոնյանը նշեց, որ կազմակերպությունը ծրագրում է ընդլայնել իր գործունեության ծավալները և անցկացնել ոչ միայն բարեգործական ակցիաներ, այլև հիմք դառնալ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների համախմբման համար, որտեղ նրանք կարող են քննարկել իրենց հուզող հարցերը:

Նրա խոսքերով, «Երիտասարդ ուսանողների ասոցիացիան» չունի որևէ քաղաքական խնդիր, նրա հիմնական նպատակը Հայաստանում սոցիալական և երիտասարդական ծրագրերի իրականացումն է:

Կազմակերպությունն իրականացնում է իր գործունեությունը «Փյունիկ» հիմնադրամի և ԵՊՀ-ի ռեկտորի աջակցությամբ, ինչպես նաև քաղաքացիների ինքնակամ օգնության շնորհիվ:-0-