Թուրքիան կարժանանա գերտերությունների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի դժգոհությանը, եթե ձախողի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Ամենայն հավանականությամբ շուտով Թուրքիայի համար կսկսվի «դեղին քարտերի» ժամանակահատվածը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձգձգելու փորձերի և այդ գործընթացը ձախողելու համար», - երկուշաբթի ասաց Դեմոյանը Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով, այս հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են, քանի որ և Մոսկվան, և Վաշինգտոնը շահագրգռված են կայուն Հարավային Կովկասի կայացմամբ, և նրանք ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի նա արագորեն վավերացնի արձանագրությունները:
Փորձագետի կարծիքով, կարելի է փաստել, որ արձանագրությունների վավերացման ճանապարհին Թուրքիայի համար հիմնական խոչընդոտը Ադրբեջանին՝ որպես դաշնակից չկորցնելու ցանկությունն է:
«Բացի այդ, Թուրքիայի համար սկսվել է հուսախաբությունների պահը, քանի որ Անկարայում սկսեցին հասկանալ ղարաբաղյան հարցում Հայաստանի կողմից զիջումների անիրական լինելը: Եվ նման պայմաններում Թուրքիան կանգնած է ընտրության առջև՝ կամ զիջել գերտերություններին, կամ չկորցնել Ադրբեջանը», - ասաց Դեմոյանը:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-