Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայում ներքաղաքական է դարձել. քաղաքագետ

01.02.2010, 14:18
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայում ներքաղաքական է դարձել. քաղաքագետ
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայում ներքաղաքական է դարձել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայում ընկալվում է որպես ներքաղաքական հարց, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Թուրքիայի արտգործնախարարի և վարչապետի հայտարարություններում տեղ գտած հակասությունները ցույց են տալիս որոշ ներքին լարվածություն, որը գոյություն ունի այդ երկրի ներքին քաղաքականության մեջ», - ասաց նա երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Իսկանդարյանի խոսքերով՝ Հայաստանում Թուրքիան շատ հաճախ ընկալվում է որպես որոշումների ընդունման կամ չընդունման որոշակի մոնոլիտ, և որ թուրք պաշտոնատար անձանց հայտարարությունները համաձայնեցված են և այդ ռազմավարության մի մասն են:

«Իրականում դա այդքան էլ այդպես չէ: Թուրքիայի ներսում տարբեր քաղաքական ուժեր վիճում են, համաձայնում կամ չեն համաձայնում միմյանց հետ հայ-թուրքական փոխհարաբերությունների հարցում», - ասաց նա:

Այս կապակցությամբ քաղաքագետը պարզաբանեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը բավականին պոպուլիստական կարծիքներ ունեցող քաղաքական գործիչ է, ով շատ լուրջ տեղ է զբաղեցնում թուրքական քաղաքական վերնախավում: Նա կարող է օգտագործել հայ-թուրքական գործընթացը ներքաղաքական շուկայում որևէ հաղթաքարտ ձեռք բերելու և արտգործնախարարի դեմ պայքարելու համար, ով անմիջականորեն նախագահի հետ շահագրգռված է արձանագրությունների ստորագրմամբ:

«Այստեղ կարող է այնպես լինել, որ վարչապետը դիմակայում է նախագահին կամ արտգործնախարարին: Ինչով կավարտվի այդ ներքաղաքական պայքարը, դժվար է ասել, սակայն այն, անխոս, գոյություն ունի», - եզրափակեց Իսկանդարյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-