ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Արմենակ Համֆերյանցի անվ. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ինստիտուտում տեղի ունեցավ «Տեղեկատվություն ռազմական գործի մասին» գիտատեխնիկական միջոցառումը:
Միջոցառման շրջանակներում, որը նվիրված էր Հայկական բանակի հիմնադրման 18-ամյակին, անցկացվեց գիտատեխնիկական համաժողով և ռազմական թեմայով ժամանակակից գրքերի ու ամսագրերի ցուցահանդես:
«Այսօրվա միջոցառման նպատակը ավելի սերտ ծանոթացումն է այդ ոլորտի նորություններին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում»,- լրագրողներին հայտնեց ռազմաօդային ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը:
Նա կարևորեց նման միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ տեղեկատվությունն ու գիտելիքները չափազանց մեծ դեր են խաղում ռազմական գործում:
Նա ավելացրեց, որ Հայկական բանակում գիտելիքներին տրվող կարևորության մասին է վկայում այն, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշմամբ 2010թ.-ը բանակում հայտարարվել է «Գիտելիքի տարի»:
Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանն իր հերթին նշեց, որ գրադարանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության ու Նորարարության և ձեռնարկատիրության ազգային կենտրոնի աջակցությամբ որոշել է ինստիտուտի սովորողներին ծանոթացնել ռազմական գործում ժամանակակից միտումներին ու նվաճումներին վերաբերող գրականությանը:
Նա հավելեց, որ նման միջոցառում ծրագրվում է առաջիկայում անցկացնել նաև Վազգեն Սարգսյանի անվ. Ռազմական ինստիտուտում:
Ղարիբյանը հայտնեց նաև, որ Հայաստանում հիմա մշակումներ են կատարվում ռազմական ոլորտում, և Հայաստանում գրանցվող գյուտերի շուրջ 3-5 տոկոսը վերաբերում է այդ ոլորտին:
Ընդ որում նա չհստակեցրեց, թե ինչ գյուտերի մասին է խոսքը: -0-