Ստամբուլի հայկական համայնքը կարող է անհետացման վտանգի առջև հայտնվել. թուրքագետ

29.01.2010, 14:53
Ստամբուլի հայկական համայնքը կարող է անհետացման վտանգի առջև հայտնվել. թուրքագետ

Ստամբուլի հայկական համայնքը կարող է հայտնվել անհետացման վտանգի առջև, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Մի քանի տասնյակ տարի անց հայկական համայնքը կարող է հայտնվել անհետացման վտանգի առջև», - ասաց Մելքոնյանը:

Փորձագետի խոսքերով՝ Թուրքիայի հայկական համայնքը 1920-ական թթ.-ին կազմում էր շուրջ 300 հազար մարդ: Այս պահի դրությամբ այն 50-60 հազար մարդ է, որոնց բացարձակ մեծամասնությունը բնակվում է Ստամբուլում: Հայկական համայնքներ կան նաև Մալաթիայում, Սեբաստիայում և Մուսալեռի շրջանում:

Հայկական համայնքի հիմնական խնդիրների թվում Մելքոնյանը նշեց մայրենի լեզվի և հայկական ինքնության պահպանությունը:

Նրա խոսքերով՝ Ստամբուլում հայկական դպրոցների թիվը 32-ից դարձել է 17, որտեղ ուսանում է 30 հազար աշակերտ: Ամեն տարի հայկական դպրոցներից հեռանում է 150-200-ական աշակերտ: Մոտ ժամանակներս աշակերտների պակասի պատճառով մի քանի դպրոց ևս կփակվի:

Մելքոնյանը ներկայացրեց վերջերս անցկացված հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ Ստամբուլի հայկական համայնքների 90 տոկոսը թուրքալեզու է, 14-20 տարեկան անձանց միայն 7-10 տոկոսն է օգտագործում հայերենը, իսկ համայնքում ամուսնությունների 40 տոկոսը խառն է:

Մելքոնյանը հայկական համայնքի անդամներին պայմանականորեն բաժանեց երեք խմբի՝ անտարբեր (նրանց չեն հետաքրքրում ազգային հարցերը, այդ թվում նաև Ցեղասպանությունը), կոնֆորմիստ (ովքեր վտանգավոր են համարում հայկական ինքնությունը) և ակտիվ մաս (հիմնականում դա համեմատաբար ծայրահեղ տրամադրված երիտասարդությունն է, սակայն նրանք բացարձակ փոքրամասնություն են կազմում):

« Թուրքիայում հայկական համայնքն ամենամեծաքանակն է և լավ կազմակերպվածը: Նրա «փլուզումը» իշխանություններին կազատի ապագայում հնարավոր խնդիրներից: Թուրքական իշխանություններին ձեռնտու չէ ակտիվ համայնքը», - ասաց փորձագետը:

Նա ընդգծեց, որ հայկական համայնքի շատ խնդիրները երկրում ազգային փոքրամասնությունների ընդհանուր իրավիճակի մասն են կազմում, ինչն իր հերթին այդ հարցում իշխանությունների կողմից վարած քաղաքականության արդյունքն է:

Մելքոնյանի խոսքերով՝ համայնքի համար «լճացման» գործընթացից դուրս գալու հնարավորությունը Կոնստանդնուպոլսի ակտիվ Պատրիարք ընտրելն է: Նա կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համատեքստում Թուրքիայի հայկական համայնքի հարցն ոչ իրավացի կերպով անտեսվել է: Փորձագետն ավելացրեց, որ հետագայում հարաբերությունների կարգավորման դեպքում համայնքը կարող է կարևոր դեր խաղալ Թուրքիայի հետ հարաբերություններում:

Ըստ բժիշկների՝ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանն անբուժելի հիվանդ է: Կոնստանդնուպոլսի Հայկական Պատրիարքարանի ժողովը հայտարարել է Պատրարքի ցմահ կարգավիճակի մասին, սակայն ուղերձով դիմել է Ստամբուլի գավառապետին՝ թույլատրել անցկացնել Համապատրիարքի ընտրություններ:-0-