Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն կարճատև զրույց են ունեցել Լոնդոնում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Տիգրան Բալայանը:
Սա Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ 2010 թ.-ի հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները ՀՀ ՍԴ-ին համապատասխան ճանաչեց:
«Տեղի է ունեցել կարճատև զրույց «ոտքի վրա»: Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարարը նման զրույցներ է ունեցել նվազագույնը տասը երկրների նախարարների հետ», - ասաց Բալայանը:
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-