Հայոց բանակը ոտնձգությունների դեպքում կջախջախի թշնամու ողջ զինական ուժը. ԶՈՒ ԳՇ

29.01.2010, 10:42
Հայոց բանակը ոտնձգությունների դեպքում կջախջախի թշնամու ողջ զինական ուժը. ԶՈՒ ԳՇ

Հայոց բանակը ի զորու կլինի  ջախջախել թշնամու ողջ զինական ուժը հայկական պետության նկատմամբ ոտնձգությունների դեպքում, ասվում է հունվարի 28-ին նշվող Հայկական բանակի օրվա կապակցությամբ ՀՀ Զինված  ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ուղերձում:

   
«Վերջին շրջանում հաճախակի են դարձել հակառակորդի հոխորտանքները Ղարաբաղի հարցը ուժային միջոցներով լուծելու վերաբերյալ: Վստահ ենք, որ ոչ մի թշնամի չի համարձակվի խախտել մեր սահմանները` վերջնական հաղթանակի հույս ունենալով: Այդուամենայնիվ, եթե ոտնձգություն կատարվի մեր ժողովրդի ու պետության նկատմամբ, ապա Հայոց բանակը իր մարտական լավագույն որակների և հերոսական ոգու դրսևորումներով ի զորու կլինի  ջախջախել  թշնամու ողջ զինական ուժը», - ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ուղերձում:

«Մեր  բանակը չի պատրաստվում հարձակվել որևիցե  մի երկրի վրա, այլ խնդիր ունի պաշտպանել հայրենի հողը: Մեր պայքարն արդար է և հաղթանակը մերն է լինելու», - նշել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը»:-0-