Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուն հինգշաբթի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ադրբեջանական «APA» գործակալության տարածած հայտարարությունները ադրբեջանցի լրագրողի սխալ ընկալման հետևանք է:
«Հեռախոսազրույցի ընթացքում Չավուշօղլուն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Աբրահամյանին, որ հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի կատարել: Չավուշօղլուն հավաստիացրեց, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության և ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետևանք են»,- հայտնում է ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց Մովլութ Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը` պարոն Աբրահամյանը կոչ արեց նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ և հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում»,- հայտնում է ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև տեսակետներ փոխանակեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի շուրջ: Զրուցակիցները նաև քննարկեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը:
Ադրբեջանական «APA» գործակալությունը չորեքշաբթի տարածել է Չավուշօղլու հետ հարցազրույցի տեքստը, որում թուրք խորհրդարանականին են վերագրվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ կապված կողմնակալ գնահատականներ: Գործակալության կայքում տեղակայված տեքստի համաձայն՝ ԵԽԽՎ նախագահը, մասնավորապես, փորձել է նախապայմաններ առաջ քաշել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում և միակողմանի եզրակացություններ է արել Ղարաբաղյան պատերազմի հետևանքների մասին:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-