ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը կարծում է, որ հայ-թուրքական գործընթացի ձախողումը ետ կտանի ողջ տարածաշրջանը։
«Եթե այդ հնարավորությունը բաց թողնվի, ապա դա ետ կտանի ողջ տարածաշրջանը, և ոչ թե այնտեղ, որտեղից մենք սկսել ենք, այլ շատ ավելի հեռու»,- ասել է Սարգսյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ այդ դեպքում երկու կողմերի միջև վստահությունը կարող է կորչել։
«Մենք մոտենում ենք այն փուլին, երբ այդ հարցն ավելի ու ավելի բարդանում է»,- նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ուղարկում այդ համաձայնագրի վավերացման ենթակա փաստաթղթերը։ Պարբերականը նշում է նաև այն, որ ներկայումս նախապատրաստվում են նախագահին այդ համաձայնագրերի տակից իր ստորագրությունը ետ կանչելու իրավունք տվող փաստաթղթեր։
Սարգսյանը հերքեց նաև թուրքական կողմից հնչող այն մեղադրանքները, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ լրացուցիչ պայմաններ է մտցնում։
The Wall Street Journal-ի համաձայն՝ Հայաստանը պնդում է հոկտեմբերին ստորագրված համաձայնագրերի շուտափույթ վավերացումը, մինչդեռ Թուրքիան չի շտապում այդ անել։
Պարբերականը նշում է, որ չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ավելի բարդացրեց իրավիճակը՝ հայտարարելով իր վստահության մասին, որ Թուրքիան չի վավերացնի այդ համաձայնագրերը մինչև Հայաստանը չվերադարձնի «բռնազավթած» ադրբեջանական տարածքները։
«Պարոն Ալիևն արտահայտել է իր վրդովմունքը հայ-թուրքական բանակցությունների առթիվ և հանդես եկավ բնական գազի և նավթի մատակարարումը դեպի Թուրքիա դադարեցնելու սպառնալիքով՝ հայտարարելով, որ Ադրբեջանը կարող է գազ արտահանել չորս ուղղություններով՝ Թուրքիա, Վրաստան, Իրան և Ռուսաստան, և իր երկիրը կարող է ավելացնել գազափոխադրումներն այս ուղղություններից յուրաքանչյուրում»,- ասվում է The Wall Street Journal ամսագրի հոդվածում։
Պարբերականն ընդգծում է նաև, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրոպական Միությունն ակտիվորեն կողմ են հանդես գալիս հայ-թուրքական նախաձեռնությանը և հայտարարել են, որ դա կարող է կայունացնել էներգակիրների մատակարարումների համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի իրավիճակը։
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել:
Միաժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։
Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը հունվարի 20-ին նախազգուշացրել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է ձախողվել, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը չվերանայի նախորդ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայիում երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունների վերաբերյալ իր որոշումը: --0--