ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ առանց մարտունակ բանակի տարածաշրջանում ոչ խաղաղություն կլինի, ոչ կայունություն:
«Այսօր Հայոց բանակը այն երկաթե երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյությունն ու ընթացքը և սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ»,- հայտարարեց նախագահը բանակի օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում։
Նա ընդգծեց, որ բանակի գլխավոր խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է և այն ցանկացած ոտնձգությունից պաշտպանելը:
«Եվ որևէ սադրանքի հեղինակ հաստատապես պետք է լուրջ հակահարվածներ, նաև մեծ անակնկալներ սպասի Հայկական բանակից. չհասկանալ սա` առնվազն միամտություն է»,- նշեց նա:
Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ մարդկանց, ազգերի ու պետությունների իրավունքները հարգող յուրաքանչյուր նորմալ երկրի համար ամենամեծ հաղթանակը պատերազմը կանխելն է։ Եվ հայկական բանակը դա անում է լիարժեքորեն, պատվախնդիր կերպով և վայելում է մեր ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը։
Հայկական բանակի ստեղծման օր է համարվում 1992 թ.-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ կառավարությունը պատմական որոշում ընդունեց «ՀՀ Պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը: -0-