Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին Ղարաբաղի հնարավոր մասնակցությունը զգալի առաջընթաց կլինի, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը:
«Եթե նման որոշում ընդունվի, ապա դա կարելի է կարևոր քայլ համարել», - հայտարարեց փորձագետը:
Բացի այդ, Հովհաննիսյանը նշեց, որ հակամարտության կարգավորման սկզբունքների ներածությունը, որի համաձայնեցման մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատրաստվող շրջանակային համաձայնագրի ընդհանրացում է, «ինչի մասին վերջերս շատ է խոսվում»:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, տեղեկացրել է, որ Երևանն ու Բաքուն կպատրաստեն իրենց առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի վերաբերյալ՝ ավելացնելով, որ թարմացված Մադրիդյան սկզբունքների նախաբանը համաձայնեցված է: Նաև տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ կողմերը համաձայնության են եկել բանակցություններում ԼՂՀ-ի մասնակցության մասին: Հունվարի 25-ին Սոչիում կայացած հանդիպումը 2010 թ.-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն էր և չորրորդը՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարևոր և պատասխանատու փուլ է թևակոխել», - ասաց փորձագետը:
Միաժամանակ նա հայտարարեց, որ անընդունելի է համարում մեկ հարթության վրա ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքի դիտարկումը:
«ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ որևէ հիշատակում չի գտնվի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին: Այդ սկզբունքն ամրագրվել է 1975 թ.-ին Հելսինկյան եզրափակիչ ակտում՝ ԽՍՀՄ-ի պնդմամբ: Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի ավելի հիմնարար սկզբունք է, քան տարածքային ամբողջականության սկզբունքը», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-