Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի հայտարարությունները մտահոգություն են առաջացնում այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնում նրա գործունեության կապակցությամբ, հինգշաբթի հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դեռ չի հասցրել չորանալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Չավուշօղլուի ընտրության մասին որոշման թանաքը, նա արդեն հանդես է գալիս կանխակալ հայտարարություններով՝ չարաշահելով ԵԽԽՎ նախագահի հեղինակավոր պաշտոնը, այն ենթարկելով սեփական նեղ շահերին: Հուսահատություն է առաջացնում այն փաստը, որ Թուրքիայի իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը ոչ դիտավորյալ, իսկ միգուցե դիտավորյալ ձևով նմանատիպ հայտարարություններով վնասում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչն անընդունելի է ԵԽԽՎ-ի նման հեղինակավոր կազմակերպության ղեկավարի համար, որի առաջնահերթ խնդիրը կազմակերպության անդամ-պետությունների միջև տարաձայնությունների վերացումն է», - հայտարարել է Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներին տված ԵԽԽՎ նորընտիր նախագահի հարցազրույցը:
Ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը չորեքշաբթի հրապարակել է Չավուշօղլուի հարցազրույցի տեքստը, որում թուրք խորհրդարանականը կանխակալ գնահատականներ է տվել ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կապակցությամբ: Գործակալության կայքում տեղադրված տեքստի համաձայն, ԵԽԽՎ նախագահը, մասնավորապես, փորձել է նախապայմաններ առաջ քաշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և միակողմանի եզրակացություններ է արել ղարաբաղյան պատերազմի հետևանքների մասին:
«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան խնդրի հետ շաղկապելու ունայն փորձերին, ապա նրանք վաղուց իրենց սպառել են, և միջազգային հանրությունը դրան արդեն գնահատական է տվել», - ասել է Բալայանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-