ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում կայանալիք hունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթին Ադրբեջանի մասնակցության հարցը կհստակեցվի առաջիկա երկու օրվա ընթացքում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը:
«Այսօրվա դրությամբ մենք առայժմ ոչ մի պաշտոնական նամակ կամ դիմում չենք ստացել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից ադրբեջանական կողմի մասնակցության մասին»,- հայտարարեց նա:
Ստեփանյանը նշեց, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի՝ 2007թ.-ին Բաքվում աշխարհի առաջնությանը մասնակցելուց հետո «սառույցը հալվեց», և այսօր երկու երկրի օլիմպիական կոմիտեների միջև այլևս խնդիրներ չկան, իսկ նրանց հարաբերությունները կառուցվում են օլիմպիական սկզբունքների հիման վրա: Նա ընդգծեց, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը մարզիկների ընդունելությունը կազմակերպել են ամենաբարձր մակարդակով, և այս անգամ ևս կարվի նույնը:
Նա հայտնեց, որ վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի ԱՕԿ փոխնախագահի հետ զրույցի ընթացքում, Վրաստանի ԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյա տոնակատարության ժամանակ, անդրադարձել է Աշխարհի գավաթին ադրբեջանցի ըմբիշների մասնակցության հարցին, և նրա գործընկերը նշել է, որ Ադրբեջանի ԱՕԿ-ը դեմ չէ, սակայն այդ հարցը պետք է լուծի Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան:
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանն իր հերթին հստակեցրեց, որ երկու օրից ավարտվում է դիմումները ներկայացնելու ժամկետը, և քանի որ երկու երկրի ֆեդերացիաների միջև ուղիղ կապ չկա, հայկական կողմը սպասում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նամակին աշխարհի գավաթին Ադրբեջանի հավաքականի մասնակցության կամ մեկ այլ հավաքականով փոխարինելու մասին:
Ըստ նրա, եթե Ադրբեջանը որոշում կայացնի չմասնակցել Աշխարհի գավաթին, որին կանոնակարգի համաձայն մասնակցում են աշխարհի 8 ուժեղագույն հավաքականները, FILA որոշմամբ այն փոխարինում են վարկանշային աղյուսակով հաջորդ, տվյալ դեպքում Դանիայի, Շվեդիայի կամ Ուզբեկստանի հավաքականներից մեկով:
Խոսելով Ադրբեջանի մերժման դեպքում Հայաստանի հնարավոր պատասխան գործողությունների մասին՝ Ենոքյանը նշեց, որ մասնակցության հարցը Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործն է, և հայկական ֆեդերացիան չի ծրագրում դրան պատասխան բոյկոտի ենթարկել Եվրոպայի առաջնությունը, որը ապրիլի սկզբին տեղի կունենա Բաքվում:
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթը կանցկացվի Երևանում փետրվարի 13-14-ին: Մրցաշարում իրենց մասնակցությունը Հայաստանի թիմից զատ հաստատել են Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Կուբայի և Հունգարիայի հավաքականները: -0-