ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Զգալի առաջընթաց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում 2010 թ.-ին հազիվ թե տեղի ունենա, կարծում է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարադության ու սպրոտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
«Իհարկե, երեկ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում առաջընթաց է գրանցվել կարգավորման գործընթացում, սակայն որոշակի արդյունքներ առայժմ չենք սպասում»,- ասաց Դավթյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտնեց լրագրողներին, որ Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկները կպատրաստեն, Մադրիդյան նորացված սկզբունքների ներածականը համաձայնեցված է:
Դավթյանը հավելեց նաև, ընթացող բանակցությունների որոշակի գաղտնիությունը լիովին նորմալ է դիվանագիտական պրակտիկայում, և շուտով հասարակայնությանը անպայման կտեղեկացվի ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Սոչիի հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն է 2010 թ.-ին և 4-րդը նման ձևաչափում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-