Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2015 թվականին նախատեսում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գաղափարին օժանդակելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ ֆիլմի ֆինանսավորման խնդիրներ չեն առաջանա»,- ասաց Գևորգյանը։
Գևորգյանի խոսքերով, ֆիլմի նախապատրաստական աշխատանքները պետք է սկսել արդեն հիմա։ «Չեմ կարծում, որ կարող են ֆինանսավորման խնդիրներ առաջանալ, սակայն առաջին հերթին անհրաժեշտ է որակյալ նյութ, սցենար նախապատրաստել, ինչի համար անհրաժեշտ է այդ բնագավառի մասնագետների՝ թուրքագետների, ինչպես նաև սցենարիստների, ռեժիսորների և դերասանների ներառել»,- ասաց Գևորգյանը։
Ֆիլմի նկարահանման համար, ըստ Գևորգյանի, կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներ։ Նա ավելացրեց, որ Ազգային կինոկենտրոնը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի 2015 թվականի սկզբին Հայաստանում նկարահանված լինի «Շինդլերի ցուցակը» օսկարակիր ֆիլմին որակով և սյուժեով չզիջող ֆիլմ։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-