Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Սերբ Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին

25.01.2010, 17:08
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Սերբ Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Նիշի եպիսկոպոս Իրինեոսին` Պեչսկի արքեպիսկոպոս, Բելգրադի և Կարլովցի միտրոպոլիտ, Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք ընտրվելու և գահակալության առիթով, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Սուրբ Հոգու ներշնչմամբ և ի նշան Սերբ Ուղղափառ Եկեղեցում Ձեր օրինակելի հոգևոր առաջնորդության, Դուք ընտրվեցիք որպես Սերբիայի Եկեղեցու առաջին սպասավոր և կոչվեցիք առաջնորդելու մի ժողովրդի, որի պատմությունը հատկանշված է անսասան հավատարմությամբ առ Քրիստոս և բազում մարտիրոսներով», - ասվում է Հայրապետական շնորհավորագրի մեջ:

Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ միայն ջանքերի մեկտեղումով հնարավոր կլինի հաղթահարել ժողովուրդների առջև ծառացած դժվարությունները և մարտահրավերները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է նաև միջեկեղեցական կապերի սերտացումը և միջկրոնական երկխոսության առավել խթանումը: -0-