Հանգստյան օրերին Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել. ՀՀ փրկարար ծառայություն
Կիրակի Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 54-ամյա մի տղամարդ է մահացել, երկուշաբթի հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
«Դեռևս չպարզված հանգամանքներում կիրակի «ԳԱԶ-24» ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի հետ, ինչի հետևանքով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Դիլիջանի բնակիչ Էդիկ Թովմասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց: Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Թովմասյանը հիվանդանոցում մահացել է», - ասվում է տեղեկատվության մեջ:
Փրկարար ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում ՃՏՊ-ներ են գրանցվել նաև ուրբաթ և շաբաթ օրերին: Հունվարի 22-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով դեռևս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի բաշխիչ կայանին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման:
«Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Դեպքի վայր ժամանած «1-04» ծառայության աշխատակիցների կողմից փակվել է փականը, դադարեցվել գազի արտահոսքը», - ասվում է տեղեկատվության մեջ:
Ինչպես հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը, շաբաթ օրը տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ 2110», «ՎԱԶ 2107» և «Մոսկվիչ» մակնիշների ավտոմեքենաները բախվել են միմյանց: Պատահարի հետևանքով «Մոսկվիչի» վարորդը մնացել է մեքենայի դեֆորմացված սրահում:
«Հրշեջ-փրկարարների ուժերով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից:
Զոհեր ու վիրավորներ չկան», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-