Թուրքիան հետևում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ոգուն. ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ոգուն ու տառին հետևելու անհրաժեշտության մասին:
«Մեզ համար է կարևոր է շարունակել սկսած գործընթացը՝ դրան չվնասելով: Մենք շարունակում ենք հետևել ստորագրված արձանագրությունների ոգուն ու տառին»,- ուրբաթ Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքական դիվանագիտության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք այս գործընթացը սկսել ենք լիակատար կարգավորման հեռանկարի տեսլականով: Մենք ուժեղ քաղաքական կամք ունենք դրա շարունակման համար և հուսով ենք, որ գործընթացը կշարունակվի»,- ասաց Դավութօղլուն:
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև այն ժամանակ, երբ երկու երկրի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:
ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել:
Միաժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։
Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը հունվարի 20-ին նախազգուշացրել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է ձախողվել, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը չվերանայի նախորդ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայիում երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունների վերաբերյալ իր որոշումը:
Իր հերթին, Թուրքիայի պետնախարար ու ԵՄ հետ գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիշը կոչ արեց Հայաստանին «մտածված քայլեր անել» երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«ՀՀ ՍԴ որոշումը մտահոգիչ եմ համարում: Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է մտածված քայլեր անի կարգավորման գործընթացում»,- ուրբաթ նա ասել է NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Եթե Հայաստանը լսի մեր կոչերը (Ղարաբաղյան հիմնահարցի լուծում), ապա դրանից կշահեն բոլոր կողմերը, ինչպես նաև Հայաստանն ու Թուրքիան շրջապատող տարածաշրջանը»,- նշեց թուրքական նախարարը:
Մինչդեռ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ Երևանում հայտարարեց, որ եթե Թուրքիան փորձի տապալել հայ-թուրքական բանակցություններն ու պատասխանատվությունը գցի հայկական կողմի վրա, ապա «չեմ կարծում, որ նման դիրքորոշումն աջակցություն կգտնի համաշխարհային հանրության շրջանում, և չեմ կարծում, որ որևէ մեկը Թուրքիայի սահմաններից դուրս, նաև հենց Թուրքիայում, հավատում է այդ մտացածին պնդումներին»:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-