Ղարաբաղյան հիմնահարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, կարծում է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Ռուսաստանն ինքն է որոշում ընդունում կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, թե ոչ»,- Արզումանյանն ասաց հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կամ «ֆուտբոլային դիվանագիտությունը» և Ղարաբաղյան հարցի կարգավորումը, որոնք, ըստ նրա, սրետ փոխկապակցված են, սկսվել են Մոսկվայի հովանու ներքո:
«Ընդ որում Թուրքիան ու Ռուսաստանը մշակել ու արդեն սկսել են իրականացնել իրենց երկարաժամկետ, համագործակցության՝ 50 տարվա համար նախատեսված ռազմավարական ծրագրերը, այդ իսկ պատճառով բացառապես Թուրքիայի շահերի հետ զուգակցված Ռուսաստանի շահերից է բխում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բանակցային գործընթացը, որը հնարավոր է միայն Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումից հետո»,- ընդգծեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը:
Այդ իսկ պատճառով, ըստ նրա, Ռուսաստանին ձեռնտու չէ հետ կանգնել իր ծրագրերից ու փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, իսկ Հայաստանը, ըստ նրա, բացառապես մանրադրամ է Ռուսաստանի ձեռքում՝ ենթակա նրա քաղաքականությանը:
«Եթե Հայաստանը Ռուսաստանի առուծախի առարկան դառնա այլ երկրների առնչությամբ, ապա դա ամենավատ սցենարը կլինի մեզ համար»,- հավաստեց ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը:
Միևնույն ժամանակ Արզումանյանը հայտնեց, որ ներկայումս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ է պատրաստվում, որը չի համապատասխանում ՀՀ ազգային շահերին:
«Կողմերն արդեն պատրաստ են ստորագրել այդ փաստաթուղթը, հատկապես ՀՀ իշխանությունները, ինչը մեր երկրկի համար ճակատագրական ու աղետալի որոշում կլինի»,- ընդգծեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-