ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ 2009թ. պետական մրցանակներ է հանձնել արվեստի և գրականության գործիչներին:
«Ինձ համար սա շատ հաճելի պարտականություն է` մեկ անգամ ևս մեր պետության և ժողովրդի անունից երախտիքի ու գնահատանքի խոսքեր ասել այն մարդկանց, ովքեր զարգացնում են մեր մշակույթը, ովքեր, գոնե ժամանակակիցներիս կարծիքով, կարողացել են կերտել մնայուն ստեղծագործություններ»,- պարգևատրման արարողության ժամանակ հայտարարել է նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ամենից կարևոր դատավորը ժամանակն է, սակայն նա ավելացրել է, որ չի կասկածում, որ վերջին տարիներին պետական մրցանակների արժանացած ստեղծագործությունների մեծ մասը, իրոք, բռնելու է ժամանակի քննությունը:
Նախագահը նաև տեղեկացրել է, որ 2010 թ.-ին գրականության և արվեստի բնագավառում գոյություն ունեցող մրցանակներին կավելանան ևս երկուսը՝ մրցանակներ ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:
Պետական մրցանակներին արժանացել են՝ գրականության և հրապարակախության բնագավառում՝ Վահագն Գրիգորյանը «Ժամանակի գետ» գրքի համար, երաժշտության բնագավառում ՝ Էդվարդ Երկանյանը «Քրոնիկոն» ստեղծագործության համար, գեղարվեստի բնագավառում՝ Արարատ Աղասյանը, Հրավարդ Հակոբյանը, Մուրադ Հասրաթյանը, Վիգեն Ղազարյանը «Հայկական արվեստի պատմությունը» աշխատության համար:
Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում Երևանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության նոր վարչական համալիրի համար Պետական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Գրիգոր Ազիզյանը (խմբի ղեկավար), Ստեփան Լազարյանը, Լևոն Քրիստոփորյանը, Հայկ Այվազյանը, Վահանդուխտ Երեղյանը, Հրիման Հովսեփյանը, ինչպես նաև կոնստրուկտոր Ալբերտ Հայրապետյանը:-0-