ՀՀ կառավարությունը 100 հազար դոլար կհատկացնի Հայիթիին օգնություն ցուցաբերելու համար

21.01.2010, 13:48
ՀՀ կառավարությունը 100 հազար դոլար կհատկացնի Հայիթիին օգնություն ցուցաբերելու համար
ՀՀ կառավարությունը 100 հազար դոլար կհատկացնի Հայիթիին օգնություն ցուցաբերելու համար

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել 100 հազար դոլար հատկացնել Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

«ՀՀ կառավարությունն անհրաժեշտ համարեց ուժերի ներածին չափով օգնել Հայիթիին», - ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ՀՀ կառավարությանը Հայիթիին օգնություն ցուցաբերելու կապակցությամբ:

«Ցանկանում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ մենք օպերատիվ կերպով արձագանքեցինք այդ իրադարձություններին, և երկրաշարժից անմիջապես մի քանի ժամ անց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցեց ինձ, որ 50 հոգուց բաղկացած փրկարարների բրիգադը պատրաստ է մեկնել Հայիթի», - ասաց Սարգսյանը:

Սակայն վարչապետը նշեց, որ, ցավոք, հայկական կողմը չկարողացավ իրականացնել սեփական մտադրությունները, քանի որ Հայիթին այդ ժամանակ պատրաստ չէր ընդունել այդ օգնությունը:

«Մենք Հայիթիին մասշտաբային օգնություն ցուցաբերող միջազգային կազմակերպություններին և պետություններին արտահայտեցինք այդ պետության օգնելու մեր պատրաստակամությունը», - ասաց Սարգսյանը:

Նրա խոսքերով, քննարկվել է նաև Հայիթիին նյութական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, անհրաժեշտ սարքավորումների հատկացումը, սակայն այստեղ էլ տեղափոխման հետ կապված խնդիրներ ծագեցին:

Այսպիսով, միջազգային կազմակերպությունների հետ վարած բանակցությունների արդյունքում հայկական կողմն ավելի նպատակահարմար գտավ ֆինանսական օգնության հատկացումը:

«Հասկանում եմ մեր համաքաղաքացիների մոտեցումը, քանի որ ինքներս գիտենք և զգացել ենք, թե ինչ բան է երկրաշարժը: Այդ ժամանակ մենք օգնություն ստացանք հարյուրավոր պետությունների կողմից և  հասկանում ենք Հայիթիին օգնություն ցուցաբերելու մեր բնակչության ցանկությունը», - ասաց նա:

Չորեքշաբթի Հայիթիում 6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Երևանի ժամանակով ժամը 15:03-ին գրանցված ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր 9,9 կմ խորության տակ՝ Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 60 կմ հարավ-արևմուտք:

Հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցած 7,0 և 5,3 մագնիտուդով երկու երկրաշարժների հետևանքով, տարբեր տվյալների համաձայն, զոհվել է 50-200 հազար մարդ, տուժել է ավելի քան 3 միլիոն մարդ: Արևմտյան կիսագնդի ամենաաղքատ երկրի տնտեսությունը գրեթե ամբողջովին քայքայվել է:-0-